Առաջիկայում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ կժամանեն Հայաստան՝ մասնակցելու Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքներին։  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5- ին ԵՊՀ-ում ընտրական բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: 

«Պետք է որ Վենետիկի հանձնաժողովը ողջունի ընտրական օրենսգրքում կատարված շատ փոփոխություններ, քանի որ շատ առաջարկներ են ներառված, որոնք նախկինում չեն եղել»,-ասաց նա:

Իոաննիսյանի կարծիքով, եթե Ազգային ժողովը չընդունեց այս օրենսգիրքը,  խնդրահարույց կլինի, քանի որ այդ դեպքում կունենանք ընտրություններ, որի խաղի կանոնները կլինեն ավելի վատ, անցողիկ շեմը ավելի բարձր կլինի, շատ կուսակցություններ չեն անցնի խորհրդարան, ինչն, ըստ նրա՝ վատ է:

«Ես կարծում եմ, որ խորհրդարանում չորս կուսակցություն ունենալը ավելի լավ է, քան երեքը»,-ասաց նա։ Իոաննիսյանը նշեց,  որ նոր փոփոխություններով խրախուսում են ծրագրերի եւ գաղափարների մրցակցությունը:

Նրա խոսքով՝ այսօր ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք կապ չունեն պառլամենտական գործունեության հետ. «2017թ. ձեւավորված խորհրդարանը քիչ կապ ուներ հանրային տրամադրությունների հետ, ինչի համար էլ եղավ հեղափոխությունը»,-նշեց նա: