Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է գիշերը ալկոհոլի վաճառքի արգելքը հանելու որոշումը՝ տեղեկացրել է «БелТА»-ն։

Երկրի ղեկավարն ասել է, որ երբ ինքը որոշել է պարզել, թե ով է սահմանել չվաճառելու արգելքը, պարզվել է, որ ոստիկանությունը դիմել է կառավարությանը, որն էլ խորհուրդ է տվել փորձաշրջան անցկացնել։

«Ի՞նչ փորձաշրջան։ Դա անում են, երբ չգիտեն, թե ելքը որն է լինելու։ Բայց մենք դա արդեն լավ փորձել ենք։ Դա փորձաշրջանի անվան տակ կառավարության անուղեղ որոշում է։ Երեւի ոստիկանությանը հաճոյանալու համար։ Ոստիկանությանը ես զգուշացրել եմ»,- նշել է Լուկաշենկոն։

Նա հիշել է, որ երբ ալկոհոլն արգելված էր, մարդիկ, միեւնույն է, գտնում էին այն օգտագործելու հնարը՝ հարսանիքների ժամանակ օղին լցնում էին ինքնաեռի մեջ, եւ բոլորը գիտեին, որ բոլորը խմում են։