Չիկագոյի դատարանը սպիտակամորթ ոստիկանին, ով 2014թ․ կրակելով սպանել էր սեւամորթ պատանուն, համարել է երկրորդ կարգի մեղավոր, այսինքն առանց ծանրացնող հանգամանքների՝ տեղեկացնում է «Գերմանական ալիքը»։

Ատենակալները եւս ուրբաթ օրը ծանր վնասվածքներ հասցնելու համար մեղավոր են ճանաչել Ջեյսոն Վան Դայքին՝ 16 կետով՝ 17-ամյա Լեկուան Մաքդոնալդի վրա յուրաքանչյուր կրակոցի համար։

Վան Դայքին սպառնում է մինչեւ 30 տարվա ազատազրկում, սակայն իրավաբանների կարծիքով՝ նա, հավանաբար, կդատապարտվի 10 տարվա ազատազրկման, քանի որ մեղքը երկրորդ կարգի է։

Մաքդոնալդի ընտանիքը դատարանի որոշումն անվանել է «Ամերիկայի հաղթանակ»։ Չիկագոյի իշխանությունները 5 մլն դոլարի օգնություն են խոստացել նրանց։

Վան Դեյքի գործը մեծ աղմուկի եւ բողոքի ակցիաների պատճառ էր դարձել 2014թ․։ Դա միայն մեկն էր այն դեպքերից, երբ ոստիկանը կրակ է բացում անզեն աֆրոամերիկացու վրա։ Այդ պատճառով իրավապահներին մեղադրում էին ռասիզմի եւ զենքի անհամաչափ օգտագործման մեջ։