Շաբաթ, հոկտեմբերի 6-ին մասնագետները սկսել են չորացնել Տիտյենզե լիճը, որը Ներքին Սաքսոնիայի հողերում է գտնվում՝ տեղեկացնում է «Գերմանական ալիք»-ը։ Քննիչները հուսով են աշխատանքների ընթացքում հայտնաբերել 25 տարի առաջ անհետ կորած բրեմենցի երիտասարդ կնոջ մարմինը։

Այս տարվա օգոստոսից նրա այն ժամանակվա կենակիցը կասկածվում է ընկերուհու սպանության մեջ եւ ցուցմունքներ է տալիս Բրեմենի դատարանում։ Իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները 58-ամյա տղամարդը հերքում է։ Հետաքննության վարկածով՝ նա կարող էր հանցանք գործել, քանի որ կինը սպառնում էր գնալ ուրիշի մոտ եւ երեխային էլ իր հետ տանել։

Անսպասելի անհետացումից մեկ տարի հետո ձկնորսները լճում գտել էին մի պարկ, որի մեջ կնոջ անձնական իրերն ու ամուսնական մատանին էր։

Դրանից հետո ջրասույզների որոնումները որեւէ արդյունք չէին տվել, քանի որ տեսանելիությունը ջրի հատակում վատն է։

Դատարանը որոշել է փորձել լճից 20 հազար խորանարդ/մետր ջուր քաշելու միջոցով գտնել սպանության գործիքը եւ կնոջ մարմինը։