Մեծ Բրիտանիայի հետ հանաձայնագիրը՝ Եվրամիությունից նրա դուրս գալու մասին, հնարավոր է կնքվի 2018 թվականին։ Այդ մասին հայտնել է ԵՄ ղեկավար Դոնալդ Տուսկը՝ տեղեկացնում է «Գերմանական ալիքը»։
Հոկտեմբերի 17-18-ը ԵՄ անդամ երկրների ղեկավարները նստաշրջանում կքննարկեն Brexit-ի հետ կապված իրավիճակը։ «Չի կարելի ասել՝ կարող ենք արդյոք հոկտեմբերի վերջին ավարտել բանակցությունները։ Եթե ոչ՝ մենք դա կանենք նոյեմբերին»,- իր հերթին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։ Նա նաեւ հավելել է, որ ամեն դեպքում առանց համաձայնագրի Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից լավ տարբերակ չէ ո՛չ Բրիտանիայի, ո՛չ ԵՄ մյուս անդամների համար։
Միացյալ Թագավորության դուրս գալը Եվրոպական Միության կազմից ծրագրված է 2019թ․ մարտի 29-ին։ Բրյուսելի հետ բանակցություններում Լոնդոնի ռազմավարությանը վերաբերող վեճերի պատճառով պառակտվել է Պահպանողական կուսակցությունը, որի ղեկավարը վարչապետ Թերեզա Մեյն է։




























