Թուրքիայի նախագահի խորհրդական Յասին Աքթայը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայից հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով, Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ «Սաուդյան Արաբիայի» 15 քաղաքացիներից կազմված խումբն «ամենաշատն է ներգրավված» այս խնդրում եւ հավելել, որ տեսախցիկներում տեսանյութերի բացակայության մասին Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով թուրքական ոստիկանության աղբյուրներին, նշել էր, որ Հաշքաջին կանխամտածված սպանվել է հյուպատոսությունում, որից հետո նրա մարմինը դուրս են բերել շենքից:
Ոստիկանությունը հաստատել է, որ հոկտեմբերի 2-ին երկու չվերթով Ստամբուլ են ժամանել մոտ 15 սաուդցիներ, այդ թվում պաշտոնյաներ եւ Հաշքաջիի հետ միաժամանակ գտնվել են հյուպատոսությունում:
Սաուդյան հյուպատոսությունում աղբյուրը հերքել է այդ տարբերակը՝ համարելով չհիմնավորված: Նա հաղորդել է, որ նախօրեին Ստամբուլ է ժամանել անվտանգության խումբ, ներառյալ Սաուդյան Արաբիայից քննիչներ, Հաշքաջիի անհետացման հետաքննության մասնակցության համար:
Հաշքաջին, որը մշտական հիմունքով The Washington Post-ի համար հոդվածներ է գրում, Թուրքիայում կորել է այն բանից հետո, երբ մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան: Ինչպես հայտնել էր Аnadolu գործակալությունը՝ վկայակոչելով սաուդցի լրագրողի հարսնացուին, ում անունը չի հրապարակվում, հյուպատոսարանի աշխատակիցները նախօրեին Հաշքաջիին հրավիրել էին փաստաթղթեր ձեւակերպելու, իսկ հարսնացուին թույլ չէին տվել շենք մտնել: Հինգ ժամ սպասելուց հետո հյուպատոսարանի աշխատակիցներից մեկը աղջկան հայտնել էր, որ Հաշքաջին արդեն գնացել է, եւ նրան սպասելու կարիք չկա:




























