Հայաստանի հանրային հեռուստատեսությունը մտադիր է ուշադրություն դարձնել պատմամշակութային եւ մանկական ծրագրերի պատրաստման եւ հեռարձակման վրա: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հավաստիցարել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Նա խոստացել է, որ առաջիկայում կընդլայնվի Հանրայինի հեռարձակման աշխարհագրությունը` ներառելով նաեւ Լատինական Ամերիկան եւ Ավստրալիան: Հատուկ ուշադրություն է դարձվելու նաեւ ինտերնետ-հեռարձակմանը: Հարությունյանի խոսքով, առաջիկայում վերսկսվելու են «Հայ ասպետ» հաղորդումների շարքը, նկարահանվելու են նոր անիմացիոն, գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր:
Ներկայումս պատրաստվում է պատմական եւ հայրենասիրական հաղորդումների շարք: Առաջիկայում նկարահանվելու է ֆիլմ Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի մոտիվներով, իսկ ներկայումս ֆիլմ է նկարվում նվիրված գրող Խաչատուր Աբովյանին:




























