Իտալիան փակելու է իր օդանավակայանները չթույլատրված ինքնաթիռներ համար, որոնք Գերմանիայից միգրանտների են  տեղափոխում: Այդ մասին կիրակի հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին ԵՄ գործընկերների հետ ապաստան հայցողների պատասխանատվության բաշխման մասին բանավեճի ժամանակ, հաղորդում է  Daily Mail-ը:

Գերմանիան եւ Իտալիան մշակել են գործարք, որի համաձայն Գերմանիան պետք է Իտալիա վերադարձներ այն միգրանտներին, որոնք արդեն այդ երկրում ապաստան են խնդրել, բայց համապատասխան համաձայնագիրը դեռ չի ստորագրվել:

Իտալական La Repubblica-ի տվյալներով, շաբաթ Գերմանիայի փախստականների հարցերով վարչությունը տասնյակ նամակներ է ուղարկել միգրանտներին՝ խորհուրդ տալով նրանց ծրագրել չարտերային չվերթներով իրենց վերադարձը Իտալիա:

Նշվում է, որ առաջին նման վերադարձը նախատեսված է հոկտեմբերի 9-ին:

«Եթե Բեռլինում կամ Բրյուսելում ինչ-որ մեկը մտածում է տասնյակ միգրանտներին չարտերային չվերթների միջոցով Իտալիա ուղարկել, ապա նրանք պետք է իմանան, որ հասանելի օդանավակայաններ չկան եւ չի լինի», - ասել է Սալվինին:

 «Մենք փակելու ենք օդանավակայանները, ինչպես փակել ենք նավահանգիստները», - ավելացրել է նա:

Իտալական հրատարակության համաձայն, նրանք չեն կարողացել այս հայտարարության վերաբերյալ համապատասխան մեկնաբանություն ստանալ Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերից: