Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք պետք է ապացուցեն, որ լրագրող Ջամալ Հաշկաջին լքել է Ստամբուլում հյուպատոսությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք, որքան հնարավոր է շուտ, պետք է ստանանք այդ հետաքննության արդյունքը։ Հյուպատոսության աշխատակիցները չեն կարող փրկել իրենց՝ ուղղակի ասելով, թե «նա գնաց»»,-Բուդապեշտում տված մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշկաջին ներկայացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ այնտեղից դուրս չէր եկել, իսկ հյուպատոսության աշխատակիցները նրա հարսնացուին ասել էին, որ չսպասի, քանի որ Ջամալը վաղուց գնացել է։
Նախօրեին Էրդողանի խորհրդական Յասին Ակտայը հայտարարել էր, որ Ջամալ Հաշկաջին սպանվել է։ Ըստ նրա՝ սաուդյան 15 քաղաքացիներից կազմված խումբը, որ Ստամբուլ է ժամանել հենց այդ նպատակով, ներգրավված է այդ գործում, եւ հյուպատոսության աշխատակիցների հայտարարությունները, թե տեսախցիկների ժապավենները չկան, իրականությանը չեն համապատասխանում։




























