Եթե Հայաստանի գյուղական բնակիչները մի քանի հավ պահեն, ապա հանրապետությունում ձվի թանկացման հարցը կարելի է լուծել իրական մրցակցության ճանապարհով։ Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։

«Եթե, ասենք, Ղարաբաղի ազատ դաշտերում, որոնք այնտեղ շատ են, կազմակերպեին եգիպտացորենի արտադրություն, ապա մենք ստիպված չէինք լինի Ռուսաստանից եւ Եվրոպայից կեր ներկրել»,- նկատեց Պողոսյանը։

Ընդ որում՝ Հայաստանի սպառողների միության ղեկավարը նշեց, որ հանրապետության իշխանությունների քաղաքականության պատճառով ձու արտադրողները բավական բարդ իրավիճակում են հայտնվել։ «Արտադրողները բառացիորեն լաց են լինում եւ ասում են այն մասին, որ հարկը, որ դրված է այդքան անհրաժեշտ կերի ներկրման վրա, այնքան բարձր է, որ իրենք դժվարանում են այն միանգամից վճարել, եւ մեկ անգամ չէ, որ առաջարկել են այդ վճարումը մասնակիորեն կատարել»,- պարզաբանեց Արմեն Պողոսյանը։ Նման մոտեցումն, ըստ նրա, արտադրողներին թուլ կտա ապահովել իրենց արտադրանքի համապատասխան շրջանառությունը։

Նշենք, որ 2018թ․ սեպտեմբերին, 2017-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած, գրանցվել է կաթնամթերքի, պանրի, ձվի 4,5 տոկոս ինֆլյացիա, իսկ 2018թ․ օգոստոսի հետ համեմատած՝ 4,9 տոկոս ինֆլյացիա։ Ձվի գինը բարձրացել է 26,2 տոկոսով։