Քիչ առաջ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տեղափոխել «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին, ով մեղադրվում է մանկապղծության մեջ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սերոբ Տեր-Պողոսյանը եղել է ձեռնաշղթաներով:
Այս պահին դատարանի երկրորդ հարկի 7-րդ դահլիճում` դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ դռնփակ դատական նիստ է ընթանում: ԱԱԾ Քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել` երկամսյա կալանք կիրառել Տեր-Պողոսյանի նկատմամբ: Դատական նիստին մասնակցում է նաեւ Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբան Օսաննա Մարկոսյանը: Մի քանի ժամից պարզ կլինի` արդյոք դատարանը կբավարարի՞ միջնորդությունը, թե՝ ոչ:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի եւ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին նախօրեին ձերբակալել էին ԱԱԾ աշխատակիցները: Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 հոդվածի հատկանիշներով` սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը: Մեղադրանքը հաստատվելու դեպքում` նրան սպասվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով, ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատազրկում 1-3 տարով:
Սերոբ Տեր-Պողոսյանը 2009-2010թթ. ընթացքում, գումարներ է տրամադրել Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչների, օգտագործել վերջիններիս անչափահաս լինելու հանգամանքը, դրանով իսկ նրանց դրել նյութական եւ այլ կախվածության մեջ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի վարչական շենքի բնակելի տարածքում եւ Ախթալա քաղաքում գտնվող իր տանը պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն եւ համասեռամոլության:





























