ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 11-ին տարածած հայտարարության մեջ նշում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ժամանակը եկել է։ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), փետրվարի 8-ից 11-ը կատարած տարածաշրջանային այցի արդյունքներն ամփոփելով հայտարարել են, որ 2010 թվականի Աստրախանի գագաթնաժողովից հետո կատարված աշխատանքի արդյունքում դրական առաջընթաց է եղել, եւ կողմերին հորդորել են շարունակել առաջընթացը՝ խաղաղ գործընթացի հաջորդ փուլ անցնելու հնարավորություն ստեղծելու համար։

Եռանախագահները հայտարարության մեջ վերահաստատել են իրենց աջակցությունը կողմերին, որոնք «ընդունում են խաղաղ կարգավորմանը հասնելուն ուղղված անհրաժեշտ որոշումները»:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցի ընթացքում համանախագահները  հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների եւ պաշտպանության նախարարների հետ: Նրանք Լեռնային Ղարաբաղ չեն մեկնել, ինչը պատճառաբանվել է եղանակային վատ պայմաններով։