Այսօր «Ծառուկյան» դաշինքը «Ելք»-ի մեր գործընկերների հետ նախաձեռնում է ստորագրահավաք երկուշաբթի արտահերթ նիստ գումարելու համար, որի օրակարգում կրկին լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հորդորում եմ ՀՀԿ-ի մեր գործընկերներին, որ երեկ ամբիոնից նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար ու գրագետ ընթացակարգեր է սահմանում, չբոյկոտեն, չտանեն սադրանքների, ներկա լինեն եւ մասնակցեն Ընտրական օրենսգրքի քննարկմանը: Վստահ եղեք, որ բոլոր այն պատգամաբվորները, որոնք ի սկզբանե իրենց համաձայնությունը տվել են նոր Ընտրական օրենսգրքին, անպայմանորեն լինելու են եւ քվեարկելու են: Կոչ եմ անում բոլոր նրանց, որոնք ուզում են, որ երկրում տեղի ունենան արդար ընտրություններ այնպիսի օրենսգրքով, որը հետո ընտրությունների վստահելիության խնդիր չի առաջացնելու, միանան այսօր քիչ անց սկսվող ստորագրահավաքին»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն: Նշենք, որ օրենքը սահմանադրական է, և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց ԸՕ-ի մասին օրենքի նախագիծը