Գործող ընտրական օրենսգրքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների նկատմամբ ներկայացվող մի շարք պահանջներ հակասահմանադրական են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ–ում ԸՕ փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ անդամների նկատմամբ ներկայացվող պահանջները առաջարկվում էր ավելի ազատական դարձնել. «Կառավարությունը այս փոփոխությունը նախաձեռնել է մի քանի նպատակով։ Սահմանադրությամբ ԿԸՀ անդամների նկատմամբ կան հստակ եւ սպառիչ պահանջներ։ Նրանք պետք է ունենան բարձրագույն կրթություն եւ համապատասխանեն այն պահանջներին, որոնք ներկայացվում են խորհրդարանի պատգամավորների նկատմամբ։ Այլ լրացուցիչ պահանջներ մեր սահմանադրությունը թույլ չի տալիս»,–պարզաբանել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա հակասում է հիմնական օրենքին, մասնավորապես, պարտադիր իրավաբանական կրթության պահանջները։
Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, երկրորդ անգամ տապալվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փաթեթին կողմ է քվեարկել 62, դեմ 2 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 կողմ ձայներ:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ այս փաթեթի ընդունումը ԱԺ արտահերթ նիստում տապալվել էր, քանի որ ՀՀԿ-ն դեմ էր արտահայտվել նախագծին եւ չէր մասնակցել քվեարկությանը: Արդյունքում նախագծին կողմ էր քվեարկել 56 պատգամավոր: Նկատենք, որ ՀՀԿ-ականները պնդում են, որ առանց իրենց խմբակցության անդամների եւս հնարավոր է հավաքել 63 կողմ ձայն:




























