Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ որոշումները կկայացվեն օրենսդրական կարգավորման բոլոր պահանջներին համապատասխան։ Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ բոլոր կողմերը պետք է վստահ լինեն, որ Ամուլսարի ծրագրին վերաբերող իրավական եզրակացությունը համապատասխանում է օրենքին։

«Երբ նման գործընթացները ձգձգվում են, դա միշտ կողմերի դժգոհությունն է առաջացնում, եւ լիազորված մարմինները պետք է հնարավոր ամեն ինչ անեն արդար եզրակացությունների օպերատիվ ընդունման համար»,- նշեց Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ Lydian Armenia ընկերության դեպքում հարցը վերաբերում է բնապահպանական խնդիրներին, եւ համապատասխան մարմիններն այդ ուղղությամբ են աշխատում։ «Մենք հասկանում ենք, որ ընկերությունն իրականացնում է Հայաստանում ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկը, որը գտնվում է միջազգային ներդրումային հանրության ուշադրության կենտրոնում, եւ ես վստահ եմ, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ ընդունված որոշումները երկիմաստ չեն լինի»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

Նա հավելեց, որ բացթողումները, այդ թվում՝ բնապահպանական նորմերի պահպանման, կարող են վերացվել։ Եթե նման բացթողումներ չկան, ընկերությունը կշարունակի իր գործունեությունը՝ վստահ լինելով, որ բոլոր եզրակացությունները համապատասխանում են օրենքին։