Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «Բանդայի գործով» 15 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Դավթյանի պաշտպանի բողոքը Մարդոր իրավունքների Եվրոպական դատարանում վարույթ է ընդունվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատապարտվածի փաստաբան Կարեն Հակոբյանը։
«Եվրոդատարան բողոք ներկայացրել ենք խոշտանգումների եւ արդար դատաքննության իրավունքի խախտման հետ կապված։ Եվրոդատարանում, ամենայն հավանականությամբ, մյուս տարի գործը կքննվի եւ որոշում կկայացվի։ Հենց ոստիկանությունից սկսած Սամվել Դավթյանը ենթարկվել է խոշտանգումների եւ այնպիսի վնասվաքծներ էր ստացել, որ հնարավոր չէր որեւէ այլ հանգամանքում ստանալ նման վնասվածքներ, չնայած, իրենց ասելով դիմադրելու հետեւանքով է ստացել այդ վնասվածքները»,–ասաց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ եթե իր բողոքը ՄԻԵԴ–ում բավարարվի, դա նոր երեւան եկած հանգամանք է համարվելու եւ գործը Սամվել Դավթյանի մասով վերաբացվելու է, նոր դատաքննություն է տեղի ունենալու։
Փաստաբանը հավելեց, որ օրերս ընդունված համաներումը չի տարածվում «Բանդայի» գործով դատապարտվածների վրա։
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 26-ին «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա:
Քյարամ Ամոյանի մասն առանձնացվել էր՝ հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները:Քյարամ Սլոյանը 2016 թվականին ազատ էր արձակվել։



























