Իհարկե, պետք է անցնել պարտադիր ապահովագրության առողջապահության ոլորտում, քանի որ առանց դրա խնդիրները չեն լուծվելու: Այս մասին նա նշեց այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ սոցիալական եւ ֆինանսական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

«Այդ ոլորտում ունենք քիչ միջոցներ եւ լուծումը գտնում ենք անորակ ծառայություն մատուցելու մեջ: Մենք պետք է բավական քաղաքական ռիսկ ունենանք, որ այդ գումարները վերցնենք սոցիալական ոլորտից՝ ձեռնարկություններից, փող ունեցող քաղաքացիները պետք է ավելի շատ վճարեն: Բայց դրան անցնելու համար պետք է իրավական դաշտը կարգավորենք, որ ապահովագրի ռիսկերը»,-ասաց նա: Հակոբ Հակոբյանը նաեւ հիշեցրեց, որ ժամանակին երբ ինքն ասում էր, որ գյուղացին գյուղում պետք է աշխատի, քաղաքացին՝ քաղաքում, այսօրվա իշխանությունը քննադատում էր, որ այ, դուք ուզում եք մարդն աշխատի, որ հարկ վերցնեք. «Հիմա հարց իշխանությանը՝ գործող բյուջեում քանի դրամ է նախատեսված աշխատանքը խրախուսելու համար»,-ասաց նա՝ դիմելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին:

Նա նաեւ նկատեց, որ Հայաստանում փորձում են զարգացնել զբոսաշրջությունն ու ՏՏ ոլորտը, սակայն «Առաջինի դեպքում հարկերը չենք կարողանում գանձել, երկրորդի դեպքում հարկերը չենք տեսնում որ գանձենք: Այդ զարգացումները մեզ ո՞ւր են տանելու»: