ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը երկակի խաղեր է խաղում և ուսանողներին հրահրում է իրար դեմ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։ Ըստ այդ գրառման՝ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը սեպտեմբերի 20-ին նամակ է ուղարկել ԿԳ նախարարին, որի մեջ խոսել է ԵՊՀ ՈւԽ կանոնադրությանն առնչվող մի քանի խնդիրների մասին: Փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, այդ նամակը հիմք ընդունելով, հոկտեմբերի 2-ին նամակ է ուղարկել ԵՊՀ և առաջարկել է հրավիրել ընդհանուր ուսանողական ժողով, ընդունել նոր կանոնադրություն, ներկայացնել նախարարության հաստատման: Ափոյանը նշում է, որ փոխնախարարի առաջարկին իրենք պատասխանել են պատրաստակամությամբ և հոկտեմբերի 24-ից սկսել են բարեփոխել ՈւԽ կանոնադրությունը:
Մինչդեռ հոկտեմբերի 17-ին նույն Դավիթ Պետրոսյանին ուղղված մեկ այլ նամակում փոխնախարար Հովհաննիսյանը գրել է, որ ԵՊՀ-ին առաջարկվել է լուծարել գործող ուսանողական խորհուրդը, ձևավորել նոր ուսանողական խորհուրդ, կազմակերպել ընտրություններ՝ ելնելով ինքնակառավարման սկզբունքից: Սակայն, Ափոյանի խոսքով, առաջին նամակում նման բան գրված չի եղել։ «ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանից ակնկալում եք պարզաբանում, այլապես այս ամենը ընկալվում է երկակի խաղ, որն իր սուր ծայրով ուղղված է բուհական ինքնավարությանն ու ուսանողական ինքնակառավարմանը: Հրավիրում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը ստեղծված իրավիճակին:»,- գրել է ԵՊՀ ՈՒԽ նախագահը։



























