Առաջարկված ID քարտերով սպառման 1,2,3 տոկոս վերադարձը ոչ այլ ինչ է, քան բացասական նշանով անուղղակի հարկ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Վարչարարությունը միջոց է, եւ ոչ թե նպատակ։ Ու երբ վարչարարությունը բարելավելը իր մեջ ներառում է տնտեսական քաղաքականություն, արդեն չեմ կարող չբարձրաձայնել խնդիրը։ Առաջարկված ID քարտերով սպառման 1,2,3 տոկոս վերադարձը ոչ այլ ինչ է, քան բացասական նշանով անուղղակի հարկ, որի հարկային բազան սպառողական առեւտուրն է։

Սրա բացասական տնտեսական հետեւանքներն են՝ ֆիսկալ արժեւորում ( fiscal revaluation - նույն հետեւանքն է, ինչ դրամի արժեւորումը), սպառման խթանում, սպառողական վարքագծի մոտիվացում, ոչ սպառողական վարքագծի դեմոտիվացում, ներմուծման խթանում, տեղական արտադրողի մրցունակության նվազեցում։

Այսպես, օրինակ անհատը, որը փողը խնայում է, պետությունն այդ վարքագիծը չի խթանում, սակայն խթանում է նրան, որն այդ նույն գումարով գերադասում է գնել վերջին դասի բջջային հեռախոս։

Ավելին, քանի որ ավանդի դիմաց ստացված տոկոսային եկամուտը գանձվում է եկամտահարկով, իսկ հեռախոսի վաճառքում առկա է ԱԱՀ, ապա երկրորդ դեպքում պետությունը նվազեցնում է ԱԱՀ-ն, սակայն չի նվազեցնում խնայողությունից ստացված եկամտից հարկումը։ Ավելին, քանի որ առեւտրի շատ կետեր աշխատում են հաստատագրված վճարով, ապա նրանք ոչ միայն ԱԱՀ չեն վճարում, այլ բոնուս են ստանում սպառողական վարքագիծ դրսեւորելու համար։

Եթե սրան գումարենք նաեւ այն ակնհայտ փաստը, որ բարձր եկամուտ ունեցողի սպառումն ավելի շատ է, ուստի պետությունը նրան բյուջեից ավելի շատ միջոցներ է տրամադրելու, ապա նաեւ կխորանա անհավասարությունը։ Համարյա ռեգրեսիվ հարկ, որի կիրառման բազան սպառողական առեւտուրն է ու մեխանիզմը անուղղակի հարկավորումն է՝ անկախ նրանից թե եկամտահարկից եք հանում, թե ուղղակի եք այդ ծախսի մասնաբաժինը փոխհատուցում։

Այս ամենից առավել մտահոգողը ամեն դեպքում ֆիսկալ արժեւորումն է, այն դեպքում, երբ Հայաստանին այս պահին թթվածնի նման անհրաժեշտ է ֆիսկալ արժեզրկման քաղաքականություն։ Սա մի քիչ դժվար է ոչ տնտեսագետին մեկնաբանելը, ասեմ, որ անուղղակի ու ուղղակի հարկերի փոփոխության հարաբերության մասին է խոսքը։

Պարզ լեզվով, պատկերացրեք, որ արտաքին առեւտրի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ դրամը արժեւորվի կամ արժեզրկվի, ու այս քաղաքականությամբ, որոշվել է «դրամը արժեւորել»։ Սա դանդաղ, բայց հաստատակամ կվնասի տեղական արտադրողներին ու կխթանի սպառումն ու ներմուծումը։

Հույս ունեմ, որ գործադիր իշխանությունում վարչարարությունից զատ կքննարկվի նաեւ ցանկացած որոշման տնտեսական հետեւանքները։ Տարիներ շարունակ ֆիսկալ քաղաքականության տնտեսական բաղադրիչը անտեսվել է, նույն պրակտիկան չի կարելի շարունակել։

Այս պահին նշեցի որոշման բացասական հետեւանքների մասին։ Նշվում է, որ սա անհրաժեշտ է ստվերի դեմ պայքարի կամ նման այլ վարչարարական թիրախների համար։ Խնդրեմ, նշեք, թե սրա հետեւանքով ինչքան է լինելու դրական ազդեցությունները, որպեսզի կշեռքի նժարին կարողանանք երկուսն էլ դնենք»։