Օրերից մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա խղճի հարց է։ Փետրվարի 15-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին  հայտարարեց թուրք հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուն։

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը չի վնասի Թուրքիայի հեղինակությանը, քանի որ շատ երկրներ ճանաչել են այդ փաստը։ Նա նաեւ նկատեց, որ նմանօրինակ հանցագործությունները կանխելու համար անհրաժեշտ է ճանաչել անցյալում կատարած սխալները։

«1993 թվականից սկսած՝ ես Հայոց ցեղասպանության ճանաչման պայքար եմ իրականացնում, ես հավատարիմ կմնամ իմ պայքարին եւ միշտ առաջ կտանեմ ճանաչման հարցը։ Ես երազանք ունեմ եւ հավատում եմ, որ մի գեղեցիկ օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Զարաքօլուն։

Իրավապաշտպանը կարծիք հայտնեց, որ առաջին դեմքերի մակարդակով շփումներից ավելի կարեւոր է երկու ժողովուրդների երկխոսությունը։ «Սակայն Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար համապատասխան մթնոլորտ չի ստեղծում, ավելին, պետությունը հրատարակում է գրքեր, որոնք հերքում են Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:

Խոսելով Ցեղասպանության փոխհատուցման թեմայի մասին՝ Զարաքօլուն նշեց, որ եթե մարդու իրավունքները խախտվում են, ապա նա փոխհատուցում պահանջելու իրավունք ունի։ «Եթե անգամ Հայաստանը եւ Թուրքիան Ցեղասպանության հարցի շուրջ որեւէ համաձայնության գան, միեւնույն է, նրանք Ցեղասպանության զոհերի ժառանգներին չեն կարող արգելել պահանջել իրենց իրավունքների վերականգնում»,- նկատեց թուրք իրավապաշտպանը: