Հայաստանում գյուղատնտեսությունը հետընթաց է ապրում, քանի որ գյուղատնտեսության ոլորտում պատահական մարդիկ են աշխատում, որոնք հեռու են դրանից։ Արդյունքում մենք կոտրած տաշտակի առաջ ենք։ Այսպիսի կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արտահայտեց Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը։

Նրա խոսքերով՝ այդպես էլ չի կարգավորվել Հայաստանի ոռոգման համակարգը, շարունակվում է ագրոտեխնիկական նորմերի համատարած խախտումը, առաջվա պես չեն գործածվում գյուղատնտեսության ինտենսիվ տեխնոլոգիաներ, տեղից չի շարժվել նաեւ հակակարկտային սարքավորումների հետ կապված իրավիճակը։

Անասնաբուծության ոլորտում տիրող իրավիճակը եւս ՀԱԳՄ-ի նախագահը ծանր անվանեց, քանի որ անասնագլխի քանակը Հայաստանում կրճատվել է մոտ 80 հազարով․ 2017թ․՝ 60-65 հազարով, իսկ ընթացիկ տարում՝ 15 հազարով։ Սրա հետեւանքով աճել են մսամթերքի եւ կաթնամթերքի գները։  

Միաժամանակ, այս ընթացքում կրճատվել են ցանքատարածությունները՝ լոլիկինը 2 հազար հեկտարով, կարտոֆիլինը՝ 3,5 հազար հեկտարով։

«Պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Հայաստանում բանջարեղենի եւ կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատվել են 7 հազար հեկտարով, իսկ ՀԱԳՄ-ի տվյալներով՝ 10 հազար հեկտարով՝ 2 տարվա ընթացքում»,- ասաց փորձագետը։

Նա նաեւ նշեց, որ հաջորդ գյուղատնտեսական տարվա հետ կապված որեւէ նախապատրաստական աշխատանք չի տարվում, սակայն դրա մասին անհրաժեշտ էր տարվա սկզբին մտածել։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը, 2017թ․ նույն ցուցանիշի հետ համեմատած, 4,8 տոկոս անկում է ապրել, բուսաբուծությունը՝ 4 տոկոս, անասնաբուծությունը՝ 3,2 տոկոս։