Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը այսօր՝ նոյեմբերի 23-ին ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորած պատվիրակությանը:

Պետական նախարարը ողջունել է հյուրերին եւ նշել, որ շատ ուրախ է, որ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվի առեւտրային ներկայացուցչություններ հիմնադրելու մասին համաձայնագիր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանը նշել է, որ երկու հանրապետություններում առեւտրային ներկայացուցչությունների հիմնադրումը սպասված իրադարձություն էր, որը գործնական քայլերի համար նոր հնարավորություններ է ստեղծելու:

Հանդիպման վերջում Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանը ստորագրել են երկու հանրապետություններում առեւտրային ներկայացուցչություններ հիմնադրելու մասին համաձայնագիր, որից հետո փոխանակվել են խորհրդանշական նվերներով: