Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան հայտարարել է, որ գերատեսչությունը դիտարկում է «Իդզումո» ռազմածովային ուժերի ուղղաթիռ-կրիչի բազայի վրա նոր ավիակիր նավի կառուցման հարցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։  

Նշվում է, որ ձեւափոխումից հետո «Իդզումո»-ն կարող է ընդունել նորագույն հինգերորդ սերնդի F-35B ամերիկյան կործանիչներ կարճ ժամանակում օդ բարձրանալու եւ ուղղահայաց վայրէջքի հնարավորությամբ։ Ավիաթեւի ընդհանուր թիվը կարող է կազմել մինչեւ 10 մեքենա։

Ճապոնիայի ՌԾՈՒ-ն 26 հազար տոննա ջրածավալով «Իդզումո» ուղղաթիռ-կրիչը ընդունվել է 2015 թվականին, երկարությունը 248 մետր է։ Այն ներկայումս կարող է 14 ուղղաթիռ եւ 470 զինվոր տեղափոխել։ 2018 թվականի դրությամբ Ճապոնիայի ՌԾՈՒ-ն այդպիսի 2 նավ ունի։