Կանադայի, Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի ղեկավարները նոր Հյուսիսամերիկյան առեւտրային համաձայնագիր են ստորագրել։ Ջասթին Թրյուդոն, Պենյա Նյետոն եւ Դոնալդ Թրամփը փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրել են Արգենտինայում՝ G-20-ի գագաթաժողովի բացման նախօրեին՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ վավերացվի երեք երկրների խորհրդարանների կողմից։ Նոր համաձայնագիրը ստորագրվել է նախկինում գործող NAFTA (Ազատ առեւտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագիր) անվանումով պայմանագրի փոխարեն։

Նոր պայմանագիրը օրինական հիմք կհանդիսանա երեք երկրների միջեւ առեւտրի համար, որի տարեկան ծավալը մոտ 1,2 մլրդ դոլար է կազմում։

Թրամփը բազմիցս քննադատել է NAFTA-ն՝ ասելով, որ այն 1994թ․ իր կնքման ժամանակվանից սկսած աշխատատեղերի կրճատման պատճառ է հանդիսացել։

Նոր գործարքը ԱՄՆ նախագահն անվանել է «համաձայնագրի օրինակ, որն ընդմիշտ կփոխի իրավիճակը միջազգային առեւտրի ոլորտում»։