Ջորջ Բուշ ավագը վեհանձնագույն մարդ էր եւ լավագույն հայր, ասել է նրա որդի եւ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը մահացել է շաբաթ գիշերը:

«Ջորջ Հերբերթ Ուոքեր Բուշը վեհանձնագույն մարդ էր եւ լավագույն հայր, որպիսին կուզենային ունենալ որդին կամ դուստրը»,- նշված է Բուշ կրտսերի հայտարարության մեջ:

Բուշ ավագի մահվան կապակցությամբ արդեն ցավակցություններ են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նիա կինը՝ Մելանյա Թրամփը, ԱՄՆ 41-րդ նախագահին անվանելով մեծագույն մարդ, որն օժտված էր առաջնորդի հատկություններով եւ ամերիկացիների սերունդներին ոգեւորում էր ծառայել հայրենիքին:

Բուշը պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1989–1993 թվականներին: Բուշի վարած միջազգային քաղաքականությունը նշանավորվել է Պանամայում, Ֆիլիպիններում եւ Պարսից ծոցում անցկացված ռազմական գործողություններով: Բուշ ավագը զբաղեցրել է նաեւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության 11-րդ տնօրենի (1976-1977 թվականներ) եւ ԱՄՆ 43-րդ փոխնախագահի (1981-1989 թվականներ) պաշտոնները: Այս տարվա ապրիլին կյանքից հեռացել էր Բուշ ավագի կինը՝ Բարբարա Բուշը, որի հետ նա ապրել էր 73 տարի: