Մեծ Բրիտանիայի գիտության եւ համալսարանների նախարար Սեմ Գյանման հրաժարական է ներկայացրել որպես բողոք ընդդեմ բրեքսիթի գործարքի՝ այն անվանելով «պարզամիտ», փոխանցում է Sky News-ը:
Գյանման, որը տորիների կուսակցության ապագա առաջնորդն էր համարվում, հայտարարել է, որ Բրյուսելի հետ ցանկացած գործարք առաջին հերթին ԵՄ-ին է ձեռնտու:
«Ուշադիր ուսումնասիրելուց եւ մտորումներից հետո ես չեմ կարող աջակցել կառավարության գործարքին, որպես այդպիսին: Ես հրաժարական եմ տվել համալսարանների եւ գիտության նախարարի պաշտոնից»,- Facebook-յան իր էջում գրել է նա:
Նախկին նախարարի խոսքով՝ գործարքին համաձայնվելով, բրիտանացիները ստիպված կլինեն հույսը դնել «վերջնական համաձայնագրի կնքման ԵՄ առավելագույն ջանքերի վրա, որը պետք է պահպանի մեր ազգային շահերը»:
Նա իր հայտարարության մեջ նշել է, որ պատասխանատու լինելով տիեզերական տեխնոլոգիաների ոլորտի համար՝ բազմիցս ականատես է եղել, թե ինչպես է «ԵՄ-ն հաղթաթղթեր ձեռք բերել, նույնիսկ այն ժամանակ, երբ անցումային գործարքներով համաձայնագրերի վրա թանաքը դեռ չէր էլ հասցրել չորանալ»:
Նա հավելել է, որ Թերեզա Մեյը չպետք է բացառեր բրեքսիթի հարցով կրկնակի հանրաքվեի անցկացումը:
Ըստ նրա՝ «բրեքսիթի գործարքը Մեծ Բրիտանիային ավելի աղետալի, պակաս անվտանգ եւ ավելի թույլ վիճակում է դնում մեր ազգային շահերը պաշտպանելիս»:





























