Առաջին օրվանից Նիկոլ Փաշինյանը բաժանում է մեր հասարակությունը երկու մասի՝ սեւերի ու սպիտակների, իր, այսպես կոչված հեղափոխությունն, ընդունողների եւ չընդունողների։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին,  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ նախընտրական  ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։

«Պարզ է, որ հեղափոխությունը չընդունողները լուրջ թշնամիներ են։ Բայց այս քաղաքակնության բացահայտումը բացարձակապես պատահական չէր։ Սասուն Միքայելյանի հայտարարությունը ծրագրված էր, փոխարտգործնախարարի հայտարարությունն Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ, երբ նա կրկնեց այն ինչ ասել էր Սասուն Միքայելյանը, եւ այն որ վարչապետը կրծքով սկսեց պաշտպանել Միքայելյանին... »,–ասաց Շահնազարյանը նշելով, որ արդյունքում ստացվեց, որ հասարակության ինչ–որ մի մաս նույնպես կրծքով սկսեց պաշտպանել Սասուն Միքայելյանին եւ նրա ասածը։

Այսինքն ըստ Շահնազարյանի, հասարակության մի հատվածին Փաշինյանն արդեն պատրաստում է, որպեսզի ընդունել տա այն, ինչն արդեն իրականացնում է Արցախի հարցում։ «Իրեն սկզբից խանգարում էին կոռումպացվածները, որոնք հիմա իրեն են ծառայում, խանգարում էր Սերժ Սարգսյանը, Հանրապտական կուսակցությունը եւ մինչեւ այսօր էլ խանգարում է, հետո խանգարում էր քաղաքապետարանն ու ԱԺ–ն, հիմա խանգարում է Սահմանադրությունը, հաջորդն էլ ասելու է, որ հեղափոխությանը խանգարում է Արցախը։ Եւ հասարակության մի շերտ, կարծում եմ, փոքր շերտ, այս ամենն ընդունելու է»,– եզրափակեց Շահնազարյանը։