Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ԵՏՄ միջազգային համաժողովի լիագումար նիստին ամփոփել է 2018 թվականի նախնական արդյունքները եւ նախանշել եվրասիական ինտեգրացիայի հեռանկարները։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից։

2018 թվականին ԵՏՄ մարմիններում Ռուսաստանի Դաշնության նախագահության առաջնահերթություններն են՝ խոչընդոտների ու սահմանափակումների վերացումը, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ ջանքերի ակտիվացումը, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ապահովումը, ԵՏՄ անդամ երկրների ֆինանսաարժույթային եւ դրամավարկային քաղաքականության մոտարկումը եւ ապագայում միասնական ֆինանսական շուկայի ստեղծումը, ինչպես նաեւ միության թվային օրակարգի իրականացումը։    

«Վստահ եմ, որ առաջնահերթությունների կյանքի կոչումը թույլ կտա բարձրացնել ԵՏՄ շրջանակներում մեր փոխգործակցության արդյունավետությունը եւ մի շարք կարեւոր խնդիրներ լուծել, որոնց թվում են ինտեգրացիայի խորացումը, խոչընդոտների, բռնագանձումների ու սահմանափակումների վերացումը, «թերինտեգրման» հաղթահարումը»,-շեշտել է նա։

Սարգսյանի խոսքով՝ միության ռազմավարական զարգացման կարեւոր հատվածն է խոշոր նախագծերի մշակումը, որում կմանսակցեն ԵՏՄ բոլոր երկրները․ «Մենք ցանկանում ենք համաշխարհային շուկա դուրս գալ եվրասիական բրենդներով՝ ճանաչելի, նոր տեխնոլոգիաներով եւ համատեղ արտադրվող ապրանքներով»,-հայտարարել է նա։