Թուրքիան հայկական հիմնադրամին է վերադարձրել մի շինություն, որը բռնագրավել էր տարիներ առաջ, գրում է թուրքական Zaman-ը։ Թուրքական նոր օրենքը  հնարավորություն է տալիս հետ վերադարձնել այն շինությունները, որոնք  գրավված են եղել ոչ մահմեդական հիմնադրամներից։

Այսօր վերադարձման ենթակա 410 շինություն կա, որոնցից 96-ն արդեն վերադարձվել են։ Sabah թերթի փոխանցմամբ` Ստամբուլի հայ համայնքին պատկանող Selamet Han (Փրկության կացարան) շինությունը,որ տարիներ շարունակ լքված է եղել իշխանությունների կողմից, նոր օրենքից հետո կվերանայվի։ Տարիներ առաջ հայկական հիմնադրամը այս շինության համար դիմել էր մարդու իրավունքի դատարան, հայտը մերժվել էր։

Հայկական համայնքը ներկայացնող Բեդրոս Շիրինօղլուն որը միեւնույն ժամանակ հանդիսանում է  հայկական « Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հոգաբարձուներից մեկը, ասել է, որ օրենքի ընդունումից հետո, 19 շինության հայտ են ներկայացրել, որոնց կառավարությունը հավանություն է տվել, այդ թվում նաեւ Selamet Han կիսաքանդ շինությանը։ Ներկայացնելով շինության կիսաքանդ վիճակը, Շիրինօղլուն  այն վերանորոգելու եւ բուտիկ-հյուրանոցի վերածելու ծրագիր է մշակել, եւ այն կարող է դառնալ զբոսաշրջության մեծ կենտրոն։