Դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցի Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միջոցառման ընթացքում կամփոփվեն այս կառույցում Ադրբեջանի կեսամյա նախագահության արդյունքները,- ասել է Զախարովան: - Կքննարկվի տնտեսական համագործակցության ոլորտում տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ռուսաստանն առաջիկա միջոցառումը կօգտագործի միավորող օրակարգի առաջմղման համար»:
ՍԾՏՀԿ-ն տնտեսական կառույց է, որը միավորում է 12 երկրների՝ Ադրբեջան, Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Թուրքիա եւ Ուկրաինա: Միջազգային կառույցի մի շարք երկրներ դիտորդի կարգավիճակ ունեն:





























