Սիլվա Համբարձումյանը հենց այնպես, առանց փաստաթղթի ոչինչ չի հայտարարում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գործարար Սիլվա Համբարձումյանը, որը մի շարք կոռուպցիոն սխեմաներով է անցնում եւ որի հայտարարությունների հիման վրա մի քանի անձ այժմ կալանավորված է, այդ թվում գործարար Սամվել մայրապետյանը, իսկ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի կալանավորման հարցն էլ պետք է քններ ԱԺ-ն:

«Ամեն ինչ էլ ձեռքիս տակ ունեմ, բայց այլեւս չեմ խոսելու, որովհետեւ իմ ասուլիսից հետո ես ՀՔԾ-ում ստորագրություն եմ տվել, որ չեմ խոսելու այդ մասին: Երեւի խանգարում եմ նախաքննությանը: Ինձ կանչել են, Մայրապետյանի փաստաբանները բողոքել էին: Ես ասացի, որ ամելի շատ մանրամասներ գիտեմ, բայց դրանք չեմ հայտարարել: Ինչ ինձ հետ կապված է, ես դա հայտարարում եմ, բայց իմ իմացած գաղտնիքը չեմ հայտարարում»,-ասաց նա:

«Կոռուպցիոն համակարգը կամաց-կամաց կվերանա: Մենք այնպիսի համակարգ ունենք, որ մինչեւ քանդվի, գիտե՞ք, թե ինչքան ժամանակ է պետք»,-ասաց գործարարը:

Դիտարկմանը, որ ինքը հայտարարել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված քրեական գործ պետք է հարուցվի, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. «Արդեն մուտք ենք արել դատախազություն` կստանանք պատասխանը: Կհարուցվի իհարկե, մենք փաթեթը ունենք, գողության սարքավորումը, որ գողացել է, դա ունի: Պայմանագրեր ունենք, որ ինչ գրել է, հակառակն է արել: Բոլոր փաստաթղթերը ունենք, Սիլվա Համբարձումյանը երբեք առանց փաստաթղթի ոչ մի հայտարարություն չի անում»:

Հարցին, թե նոր Հայաստանում գործարարների հարստանալու պայմաններ կա՞ն, Համբարձումյանը պատասխանեց. «Գիտեք՝ ինչն է լավ, որ փայ մտնող չկա։ Նախկինում բացի կաշառքից, չէին թողնում նաեւ աշխատել»։