Զանգվածային լրատվության միջոցներով ու սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել Ապարան քաղաքի «Գնթունիք» առեւտրի կենտրոնի մոտ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու դեպքի մասին:

Այս առնճությամբ, ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է.

«Հայտնում ենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 16.40-ի սահմաններում, ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է զանգահարել հիշյալ կուսակցության անդամ Մարիամ Չախոյանը ու հայտնել, որ երբ նույն օրը իր կուսակից Ռոբերտ Դավթյանը քարոզչական թռուցիկներ էր բաժանում հիշյալ առեւտրի կենտրոնի մոտ, իրենց է մոտեցել մի տղամարդ, խոչընդոտել, հորդորել է հեռանալ, փորձել է թռուցիկները ձեռքերից վերցնել, բայց ինքը թույլ չի տվել եւ պահանջել է ներկայանալ ու բջջային հեռախոսով նկարել է այդ ամենը: Տղամարդը բջջային հեռախոսը ձեռքից խլել է, մտել առեւտրի կենտրոն, նրանք նույնպես ներս են մտել եւ իրենց պահանջից հետո վերադարձրել է հեռախոսը, իսկ ներսում գտնվողները վիրավորել են իրենց:

Մ.Չախոյանն ավելացրել է նաեւ, որ տեղի ունեցածին ականատես են եղել ոստիկանության երկու ծառայող, որոնք անգործություն են դրսեւորել եւ չեն միջամտել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձը Ապարանի բնակիչ,1986 թ. ծնված Հայկ Կիրակոսյանն է, որը հրավիրվել է բաժին եւ բացատրություն տվել, որ չի խոչընդոտել նախընտրական քարոզարշավին, այլ չի ցանկացել, որ իրեն նկարահանեն, դրա համար էլ վերցրել է Մ.Չախոյանի հեռախոսը, որ իր հատվածը ջնջի, սակայն չկարողանալով ջնջել` հեռախոսը վերադարձրել է Մ.Չախոյանին:

Մ.Չախոյանը հրաժարվել է հաղորդում տալուց:

Հ.Կիրակոսյանը բաց է թողնվել:

Ոստիկանության ծառայողների ենթադրյալ անգործության վերաբերյալ Մ. Չախոյանի հայտարարության կապակցությամբ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: