Հայաստանի քաղաքական դաշտում մարտի 1-ի «հանցավոր քառյակի» գոյության դեպքում, իսկ առավել եւս ընտրություններին նրանց մասնակցության պայմաններում, որեւէ գաղափարական եւ ծրագրային պայքարի մասին խոսք չի կարող լինել: Այս մասին – NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը:

Նրա խոսքով, բոլոր քաղաքական ուժերը, որոնք կապված են նախորդ ռեժիմի հետ, այսօր չեն կարող որեւէ քաղաքական գործընթացների մասնակցել:

«Քաղաքական գործընթացների գագաթնակետը, որոնք իրականացվել են նախորդ ռեժիմի ժամանակ, պետք է արտացոլված լինի  «հայկական Նյուրնբերգում»: Միայն այս դեպքում մենք կարող ենք խոսել կայուն պետության զարգացման հնարավորության մասին», - ասաց «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդներից մեկը:

Ավետիսյանը նշեց, որ խոսքը ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ կուսակցությունների մասին է:

«Պետք է նկատի ունենալ, որ խոսքը այս կուսակցությունների բոլոր անդամների, իսկ ամենակարեւորը ղեկավարների մասին չէ», - ասաց նա:

Ըստ նրա, ՀՅԴ-ի շատ անդամներ ազգային արժեքների իրական կրողներ են:

 «Սակայն կուսակցության հայկական գրասենյակի ղեկավարությունը դեմ է գնացել ազգային գաղափարներին եւ սկզբունքներին: Այս գործողություններն, իհարկե, վարկաբեկում են կուսակցության շարքային անդմաներին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում», - ասաց Ավետիսյանը:

Խոսելով նախընտրական քարոզչության ընթացքի մասին, նա ասաց, որ վերջերս մարզերում քաղաքացիների շրջանում որոշակի պասիվություն է նկատվում: «Դա բացատրվում է նրանով, որ մարդիկ, մեծ մասամբ, հոգնել են փողոցային քաղաքական պայքարից: Նման պայմաններում կարեւոր է լրատվամիջոցների դերը, որոնք պետք է կամուրջ դառնան ընտրողների եւ քաղաքական գործիչների միջեւ», - ասաց Վարուժան Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: