Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն. դրանք պատժիչ կառույցներ են, որոնք ոչ մի կապ չունեն պետության հետ եւ պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։
«Ինչո՞ւ էի պատրաստվում այսօր գնալ ԱԱԾ: Ես ղեկավարել եմ այդ կառույցը, 23 տարի է անցել, եւ այդ տարիների ընթացքում որեւէ բացասական գնահատական այդ կառույցին չեմ տվել: Սակայն հիմա Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն. դրանք պատժիչ կառույցներ են»,- նշեց Շահնազարյանը:
ԱԱԾ-ից ստցված հրավերը նա դիտարկում է որպես քաղաքական հետապնդման դրսեւորում. «Այո, դա քաղաքական հետապնդում է՝ ուղղված ոչ միայն իմ դեմ: Սա փորձ է վախեցնել այն մարդկանց, եւ դրանց թիվը շատ մեծ է, որոնք պատրաստվում են քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին»:
Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ՝ իշխանությանը պետական դավաճանության մեջ մեղադրելու համար: Սակայն չի ներկայացել ԱԱԾ:




























