Ես մտել եմ քաղաքականության մեջ, եւ գտնվում են միակ ցուցակում, որտեղ հասկանում են Արցախի հարցի լրջությունը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Արցախի խնդիրը դարձնում նախընտրական պայքարի մաս:
«Արցախի հարցում որևէ զիջում չի լինելու: Խրամատի այն կողմում 1+9 ուժեր են, որոնք կամակատարներն են: Եթե ՀՀ քաղաքացին իրեն այդպիսին համարում է, ապա պետք է գիտակցի, որ իր ձայնը՝ տրված Փաշինյանին, հարված է Արցախի դեմ»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:
Դիտարկմանը, որ ինքը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ, բայց հակառակն ապացուցելու համար որևէ փաստ չի ներկայացնում, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ երեկվա իր հարցազրույցում ինքը ներկայացնում է բոլոր փաստերը:
«ԱԱԾ-ն այն տեղը չէ, որտեղ ես պետք է քննարկեմ Արցախի վրա կախված վտանգները: Ես դրանք քննարկելու եմ հրապարակայնորեն: Ես բազմաթիվ փաստեր նշել եմ, դրանք շատ ծանրակշիռ փաստեր են»,- նշեց նա:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ ԱԱԾ-ով իրենք սպառնում են իրենց, որովհետև եթե ճիշտ են ոմանց պնդումները, պետք է արժանան ժողովրդական դատաստանի, Շահնազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վիճակը պետք է հասկանալ, նա տեսել է, որ ինքն է Փաշինյանով զբաղվում, գիտի դրա հետևանքները:
«ԱԱԾ-ն Արցախի հարցից ավելի քիչ է հասկանում, քան Նիկոլ Փաշինյանը: Ես արել եմ քաղաքական հայտարարություն: Ես 30 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, որևէ անգամ դավաճան խոսքը չեմ օգտագործել, նույնիսկ իրավական կոնտեքստում: Թող իրենք անեն իրենց գործը, ես՝ իմը: Ես չեմ գնալու ԱԱԾ: Ծանուցագիր թող ուղարկեն, ձերբակալում, կալանավորում, սա իրենց գործն է, թող անեն: Սովետական բանտերը չարեցին, սրանք ո՞վ են...»,- նշեց նա:




























