«Մենք» դաշինքի մոտեցումները եղանակային փոփոխությունների չեն ենթարկվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Գավառում ընթացող քարոզարշավի ժամանակ նշել է «Մենք» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

«Մենք անցած ընտրություններում հայտարարել ենք, որ Հայաստանի ապագան ԵՄ-ում է, հիմա էլ ենք նույնն ասում, այլ ոչ թե ասում ենք, թե գիտեք ինչ, ինչ-որ բան է փոխվել: Այդպիսի վախվորած, լղոզված, կցկտուր մոտեցումներ «Մենք» դաշինքի ուժերը երբեք չեն ունեցել»,-ասաց Քոքոբելյանը՝ հավելելով, որ իրենք երբեք չեն համագործակցել նախկին իշխանության հետ, այսօր էլ չի փորձում որպես կոմֆորմիստ տեղավորվել նոր իշխանության գրպանում:

«Մենք խորհրդարանում նույնիսկ տասը պատգամավորով իրականացնելու ենք մեր բոլոր ծրագրերը, առնվազն երեք տարում, խոստանում եմ, Հայաստանում չվերանորոգված միջպետական ճանապարհ չի լինելու, գազի գինն իջեցնելու ենք: Հիմա մենք պառլամենտական երկրում ենք ապրում, եւ ԱԺ ամբիոնը միայն ճառերի կամ իմիտացիայի համար չէ, այլ կոնկրետ գործ անելու եւ իշխանության վրա ազդելու լծակ է»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը: