Դեկտեմբերի 4-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների վարչապետի արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերով խորհրդական Դավիդ վան Վելի (David van Weel) հետ։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ՀՀ դեսպանին` վարչապետի խորհրդականը նշեց, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում եւ առավել զարգանալու միտում ունեն։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բալայանն ընդգծեց, որ Հայաստանն ու Նիդերլանդները երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով արդյունավետ փոխգործակցության փորձ ունեն, եւ իր առաքելության կարեւոր նպատակներից է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի խթանումը։
Դեսպան Բալայանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր տեղի ունեցող զարգացումները՝ ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական հավասար հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող քայլերը։
Տիգրան Բալայանն ընդգծեց, որ գործող կառավարությունը նպատակադրված է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնել միջազգային ամենաբարձր եւ խիստ չափանիշներին համապատասխան եւ այդ համատեքստում շնորհակալություն հայտնեց ընտրական գործընթացին հետեւելու նպատակով հոլանդացի դիտորդներ ուղարկելու համար։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ քաղաքական եւ տնտեսական փոխգործակցության ընդլայնման շուրջ։
Զրուցակիցները անդրադարձան միջազգային օրակարգի մի շարք խնդիրների։




























