ԵՏՄ թվային օրակարգի իրականացումը կօգնի լուծել մրցույթներին ընկերությունների մասնակցության խնդիրները, որոնք անցկացվում են ԵՏՄ անդամ երկրներում: Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ երկրների գագաթաժողովի նախաշեմին տնտեսական տեսաբան Նիկոլայ Կորժենեւսկուն տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ այսօրվա դրությամբ հայկական ընկերությունները հնարավորություն չունեն մասնակցելու մեծ թվով, այդ թվում ԵՏՄ երկրներում անցկացվող պետական մրցույթներին: Ռուսական ընկերությունները եւ ԵՏՄ մյուս երկրների ընկերությունները եւս Հայաստանում միցույթներին մասնակցելու միայն փոքր հնարավորություններ ունեն:

Փաշինյանի խոսքով՝ ԵՏՄ թվային օրակարգի իրականացումը հենց այն գործիքն է, որը կարող է այս հարցը լուծել:

«Որովհետեւ սա տեխնիկական խոչընդոտ է, ոչ մի քաղաքական խոչընդոտ չկա: Մենք կառուցողական աշխատանքի ենք տրամադրված, որպեսզի այս բոլոր հարցերը լուծենք»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ կանցկացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ժամանակ նախատեսվում է քննարկել համացանցային շուկաների կարգավորման քաղաքականության համաձայնեցման հարցերը, ցանցային տեխնոլոգիաների զարգացումը, նավթի, գազի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ձեւավորումը եւ այլ հարցեր: