Հայաստանի շինարարական ոլորտը կայունացել եւ ոտքի է կանգնել երկար տարիների անկումից հետո։ Այս մասին դեկտեմբերի 5-ին Հայաստանի շինարարների միության IV համաժողովում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
Նա բերեց 2018թ․ 10 ամիսների վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ շինարարական ոլորտը 2018թ․ հունվար-հոկտեմբեր ամիսներին, համեմատած 2017թ․ նույն ժամանակահատվածի հետ, աճել է 6,5 տոկոսով, ընդ որում 25 տոկոսով մեծացել է պետական բյուջեի հաշվին կատարվող շինարարության ծավալը։
«Շինարարության ոլորտը գտնվում է պետության զգոն ուշադրության կենտրոնում, որը իրականացնում է բնակարանային խնդիրների լուծման եւ բնակելի պայմանների բարելավման ծրագրեր»,- նշեց Ավինյանը։
Նրա խոսքերով՝ բարելավվում են «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ» ծրագրի շրջանակներում հիփոթեքի պայմանները՝ մեծացվել է ամուսնական զույգի տարիքային գումարի շեմը, նվազեցվել է հիփոթեքի տոկոսադրույքը։
«Այս ամենի հետ մեկտեղ, շինարարության ոլորտը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք դեռ պետք է լուծվեն՝ անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել պետական գնումների ոլորտում, վերանայել գնահատման չափանիշները, մշակել միջազգային տենդերներում հայկական շինարարական ընկերությունների մասնակցության մեխանիզմները, հայկական շուկայում ներդնել նախագծման եւ շինարարության նոր տեխնոլոգիաներ»,- ասաց Ավինյանը։
Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի շինարարական ոլորտի ծավալը 2018թ․ 10 ամիսների արդյունքներով հասել է 288․8 մլրդ դրամի (598.5 մլն դոլար)։





























