Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը չէին պատրաստվել նախընտրական քարոզարշավին: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, գրեթե բոլոր քաղաքական ուժերը քարոզարշավն իրականացրեցին ինչպես նախկինում:

«Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն առաջ որոշում էր քրեաօլիգարխիկ համակարգը՝ կաշառք բաժանելու միջոցով: Քաղաքական ուժերը առանձնապես աշխատանք չէին տանում իրենց ընտրողների ակտիվ ներգրավվման առումով», -ասաց Բադալյանը՝ հավելելով, որ այս ընտրություններում կաշառք չի լինի եւ մրցակիցները պետք է սա հաշվի առնեին:

Ըստ նրա՝ տվյալ քարոզարշավը միջին մակարդալում անցավ: Ընդ որում երեկվա քաղաքական ուժերի առաջնորդների հեռուստաբանավեճերը դրա վառ ապացույցը դարձան, քանի որ բառային մենամարտին միայն երկու ուժեր էին մասնակցում. ՀՀԿ-ն՝ ի դեմս նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ «Իմ քայլը» դաշինքը՝ ի դեմս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի:

«Որոշ դեպքերում այդ բանավեճերը վերածվում էին ՀՀԿ-ի եւ«Իմ քայլի» միջեւ  լեզվակռվի, իսկ մյուսները դիտողների կարգավիճակում էին», - ասաց նա: Մյուս քաղաքական ուժերն, ըստ փորձագետի, չկարողացան անգամ լրատվամիջոցների հետ աշխատանքում իրենց հաջողությամբ դրսեւորել: