Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավատարիմ է մնացել իր հայտարարություններին եւ շարունակում է իրականացնել հասարակությանը «սպիտակների» ու «սեւերի» բաժանելու ռազմավարությունը՝ գործող իշխանությանը խիստ քննադատության ենթարկելով: Դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Փորձագետի կարծիքով՝ սա բավականին վտանգավոր ռազմավարություն է, սակայն չի նշանակում, որ ՀՀԿ-ն չի կարողանա ցանկալի արդյունքին հասնել: «Բայց սա նաեւ չի նշանակում, որ նրանք միանշանակ կարող են ուզածին հասնել: Ուղղակի այս պահին սա նրանց միակ ճիշտ ռազմավարությունն է, քանի որ նրանք չեն էլ կարող որեւէ մեկ այլ ռազմավարության դիմել»,- պարզաբանեց փորձագետը:

Խոսելով «Իմ քայլը» դաշինքի մասին՝ Բադալյանը նշեց, որ այս քաղաքական ուժը միանշանակ առաջին տեղում կլինի: