Հայաստանում բավականին դժվար ընտրություններ են սպասվում, քանի որ քաղաքական դաշտը չափազանց անորոշ է դարձել: Դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ նախկինում կար իշխանություն եւ ընդդիմություն, բայց հիմա նախկին իշխանությունն ընդդիմություն է դարձել, իսկ ընդդիմությունն իշխանության է եկել, ինչը եւ որոշ խառնաշփոթ է առաջացրել: «Անգամ ժամանակ չեղավ հասարակական կարծիք ձեւավորելու համար: Դրա համար կես տարի է անհրաժեշտ, ոչ թե 3 շաբաթ կամ ամիս: Ամեն դեպքում բոլորը համակերպվել են, որ «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի Ազգային ժողովում կդառնա հիմնական քաղաքական ուժը՝ անկախ այն հանգամանքից մենակ կգործի, թե որեւէ այլ փոքր կուսակցության հետ կոալիցիա կձեւավորի»,- նշեց Ադիբեկյանը:

Ընդ որում՝ սոցիոլոգը կարծում է, որ այս պահին քաղաքական դաշտում միայն մեկ ուժ կա, որը միանշանակ իրեն որպես ընդդիմություն է դիրքավորում, իսկ մնացյալ բոլորը որոշել են այլ ճանապարհով գնալ՝ սպասելով իրադարձությունների հետագա զարգացմանը: