Հայաստանում դեռեւս երբեք քարոզարշավը 12 օրվա ընթացքում չի անցկացվել, եւ այս ժամկետը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին դրանց պատրաստվելու համար, բնականաբար, չի բավականացրել: Դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով, սակայն, քաղաքական ուժերի համար սա չպետք է անսպասելի լիներ, քանի որ  նրանք իրականում նախապատրաստվելու համար բավականաչափ ժամանակ ունեին: «Հատկապես, որ կառավարության ծրագրում նշված էր, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են մեկ տարվա ընթացքում: Ես, համենայնդեպս, ոչ մի տեղ չեմ լսել եւ չեմ տեսել, որ որեւէ մեկը հայտարարի, թե ընտրություններն անցկացվելու են միայն 12 ամիս հետո»,- պարզաբանեց փորձագետը՝ զարմանք հայտնելով այն կապակցությամբ, որ ընտրություններն անցկացվում են ոչ թե սեպտեմբերին, այլ միայն հիմա:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ սխալները բացառապես իրենց՝ քաղաքական ուժերի անկազմակերպվածության եւ անլրջության հետեւանք են, ուստի դարձել են նրանց «անձնական» խնդիրը: «Սակայն կային նաեւ քաղաքական ուժեր, որոնք, ինչպես ցույց տվեց քարոզարշավը, այս կարճ ժամանակահատվածում կարողացան ձեւավորել ե՛ւ իրենց մարտավարությունը, ե՛ւ ռազմավարությունը: Այս իմաստով, կարծում եմ, միանգամայն նորմալ ընտրություններ են: Քարոզարշավը նույնպես նորմալ էր, ինչը նաեւ բխում էր նոր քաղաքական իրադրությունից»,- շեշտեց Հակոբյանը: