«Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունը, թե իրենց իշխանության օրոք քաղբանտարկյալներ չեն եղել, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի խոսքով՝ իր գործը, կապված Սարի թաղի իրադարձությունների հետ եւ իր կալանքը թույլ են տալիս պնդել, որ ինքը Հայաստանում քաղբանտարկյալներից մեկն է եղել. «Մենք համոզված ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոմունիկացումը Հայաստանի կառավարության հետ Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ եւ 8-րդ հոդվածներով վերջնարդյունքում իրավական առումով կհաստատի, որ  քննության  մարմիններն ու դատարանները իրենց որոշումներում ղեկավարվել են քաղաքական շարժառիթներով»։ 

Անդրիաս Ղուկասյանը շեշտում է՝ իր նկատմամբ ընտրված կալանքը որպես խափանման միջոց փոխել են, եւ ինքը ստորագրությամբ ազատ է արձակվել միայն այն պատճառով, որ իշխանափոխություն է եղել, դատարանի վրա Սերժ Սարգսյանի ճնշումն է վերացել. «Հարցին՝ ինչի՞ հետ է կապված կեղծ մեղադրանքն իր հասցեին, ինձ ուղիղ պատասխանել են, որ կապված է այն բանի հետ, որ ես ազատ արձակվելով կշարունակեմ իմ ընդդիմադիր գործունեությունը»,–հայտարարեց նա։

Քաղաքական գործիչը հավելեց, որ ՀՀԿ–ն խաբում էր արեւմտյան գործընկերներին, երբ ասում էր, թե իրենց ժամանակ քաղբանտարկյալներ չեն եղել։ ««Սասնա Ծռեր» կուսակցության անդամները նույնպես կարող են խոսել այն մասին, որ իրենք իրենք քաղբանտարկյալ չեն, քանի որ իրենց նույնպես մեղադրում են շատ գործողություններում, որոնք իրենք չեն կատարել»,–եզրափակեց Ղուկասյանը։