Նախընտրական քարոզարշավն ակտիվ եւ կոշտ պայքարում անցավ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարներից Մհեր Շահգելդյանը։
Նրա խոսքերով, զերծ չմնացինք նաեւ փոխադարձ սուր հարձակումներից։ «Սակայն դա կանխատեսելի էր եւ լիովին տեղավորվում է քաղաքական պայքարի տրամաբանության մեջ»,- նշեց քաղաքական գործիչը։
Նա հավելեց, որ անհրաժեշտ է պահպանել բարեկրթությունը, ինչը կնպաստի Հայաստանում քաղաքական մշակույթի զարգացմանը։ Շահգելդյանը հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն առանց խախտումների եւ լուրջ միջադեպերի։
Անդրադառնալով վերջերս արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարների միջեւ բանավեճին՝ նա ասաց․ «Մենք դեռեւս Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ էինք բանավեճ նախաձեռնել։ Կարծում ենք, որ այն քաղաքական քննարկումների համար կարեւոր հարթակ է։ Վերջերս կայացած բանավեճի արդյունքները դրական ենք գնահատում»։
Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն առաջիկա կիրակի օրը։





























