Լիբիայում փետրվարի 19-ի գիշերն անջատվել է ինտերնետը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ն`վկայակոչելով ինտերնետ կապի ապահովմամբ զբաղվող ամերիկյան Arbor Networks կազմակերպությանը:

Լիբիայում փետրվարի 17-ից զանգվածային ցույցեր են անցկացվում, որոնց  մասնակիցները պահանջում են Մուամարա Քադաֆիի հրաժարականը, ով երկիրը կառավարում է 1969 թվականից:

Նշենք, որ հակակառավարական մասշտաբային բողոքներն ավելի վաղ հանգեցրել էին իշխանափոխության Եգիպտոսում եւ Թունիսում: Այդ երկրներում ընդդիմադիրներն իրենց գործունեության համակարգման նպատակով ակտիվորեն օգտագործում էին ինտերնետը, առաջին հերթին` Facebook սոցիալական ցանցը եւ Twitter միկրոբլոգների ծառայությունը: Բողոքի ակցիաների ժամանակ Եգիպտոսում մի քանի օր ամողջությամբ անջատվել էր ինտերնետը:

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության տվյալներով` Լիբիայում փետրվարի 17 -19-ը ցուցարարների եւ իրավապահների բախման արդյունքում առնվազն 84 մարդ է զոհվել: «Ալ Ջազիրա»-ի բլոգում նշվում է, որ միայն Բենգազի քաղաքում եղել է 55 զոհ, որից 35 –ը` փետրվարի 18-ին` հրազենային վնասվածքներից: Եւս 23 մարդ զոհվել է Ալ Բայդա քաղաքում: