Ես ինձ ավելի օգտակար եմ տեսնում տնտեսության բնագավառում։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նուշիկյան ասոցիացա» ընկերության հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը՝ մեկնաբանելով, թե ինչու որեւէ կուսակցության կամ դաշինքի ցուցակով չի մասնակցում ընտրություններին։

«Ունեմ որոշակի ծրագրեր տնտեսության ոլորտում եւ որոշեցի իրականացնել այդ ծրագրերը, այդ առումով ավելի օգտակար լինելով մեր երկրին, հասարակությանը, աշխատատեղեր ստեղծելուն, հիմնականում դրա համար, հետո էս ռեյտինգային ընտրակարգն իմ սրտով չէ»,-ասաց Նուշիկյանը՝ նշելով, որ նոր ընտրակարգի դեպքում էլ դժվար թե առաջադրվեր։

Այդուհանդերձ, Նուշիկյանն ասաց, որ ինքը հեռու չի լինելու քաղաքականությունից, համագործակցելու է տնտեսական  քաղաքականության մշակմանն ու զարգման հարցերում։

Գարեգին Նուշիկյանի կարծիքով՝ այս ընտրությունները ծրագրերի, գաղափարների ընտրություններ չեն․ «Այստեղ ավելի շուտ, չակերտների մեջ ասած հնի ու նորի պայքար է ընթանում եւ կարծում եմ, որ ընտրություններից հետո ավելի մեծ ուշադրություն կդարձվի գաղափարական ծրագրերի վրա, զարգացման ծրագրերի վրա, համենայն դեպս հուսով եմ»։

Նուշիկյանը նշեց, որ ինքն ընդհանուր առմամբ,  դեմ է այն թեզին, որ գործարարը չպետք է զբաղվի քաղաքականությամբ․ «Բա ո՞վ պետք է զբաղվի, լրագրողնե՞րը, բժիշկնե՞րը։ Գործարարներն էլ պետք է զբաղվեն տնտեսական քաղաքականությամբ։ Վերջին հաշվով հաջոված գործարարները հաջողված կազմակերպիչներ են, իրենց բիզնեսում հաջողված քաղաքացիներ են, որոնք կարող են հաջողակ լինել նաեւ քաղականության մեջ եւ դրանով օգուտ բերել մեր հասարակությանը»։

Դիտարկմանը, թե գործարար Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ լինելով պատգամավոր, որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, Նուշիկյանն ասաց․ «Գագիկ Ծառուկյանը մի քիչ այլ երեւույթ է, նա ունի կուսակցություն, կուսակցության անդամներմ նր ակուսակցությունն անում է բազմաթիվ նախաձենություններ, շատ ակտիվ են քաղաքականության մեջ եւ կարծում եմ, որ ինքն իր ակտիվությամբ համենայն դեպս վնաս չի տալիս Ազգային ժողովին։

Հարցին, թե ուժորի հավասարակշռություն կլինի քաղաքական դաշտում Նուշիկյանն ասաց, որ Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ միանձնյա կառավարմանը մենք շատ մոտ ենք․ «Կարծում եմ, որ բացարձակ մեծամասնություն ունեցող կուսակցություն կլինի ԱԺ-ում, վարչապետի պաշտոնակատարն էլ հայտարարեց, որ կոալիցիա չեն կազմելու, այստեղ ամբողջ  հարցը նրանում է, թե սահմանադրական մեծամասնություն կունենան, թե՝ ոչ։ Ամեն դեպքում, մենք միշտ խոսում ենք մենաշնորհներից, դրա բացասական դերից, նույնն էլ քաղաքականության մեջ է։ Մենք տարիներ շարունակ տեսել ենք գերիշխող դիրք ունեցող քաղաքականության արդյունքները, ակնկալում եմ,որ այս անգամ ավելի խոհեմ լինեն մեր մեծամասնություն ունեցող քաղաքական գործիչները եւ չգնան հների ճանապարհով, որովհետեւ դա վնասում է մեր երկրի զարգացմանը»։

Գարեգին Նուշիկյանն ասաց, որ տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկ ստացել է մասնակցել է ընտրություններին, սակայն «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջարկ չի ստացել։