Թավշյա հեղափոխությունից հետո շատ կարեւոր էր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դանիական ոչ կառավարական ՍԻԼԲԱ կազմակերպության դիտորդ Մատիլդա Բագերը։
«Ընտրությունների օրինականության ապահովումը կարեւոր էր այն բանի համար, որ ժողովրդի մանդատն անցնի առաջնորդին, որին նա ուզում է տեսնել որպես պետության ղեկավար»,- նշեց Բագերը։
Նրա խոսքերով՝ ինքը շատ զարմացած է երիտասարդ ընտրողների շրջանում ակտիվության ցածր մակարդակով։ «Ես դեռեւս վիճակագրությունը չեմ նայել, սակայն շատ զարմացած էի ընտրությունների ժամանակ երիտասարդների շրջանում ակտիվության ցածր մակարդակով»,- հավելեց դիտորդը։
Քրիստոֆեր Սոուրենսենի խոսքերով՝ անցյալ տարի կազմակերպությունները հրաժարվել էին իրենց հավատարմագրել։ «Սակայն այս տարի ԿԸՀ-ի հետ աշխատելն անհամեմատ հեշտ էր»,- նշեց նա։
ՍԻԼԲԱ-ն ոչ կոմերցիոն երիտասարդական կազմակերպություն է, որը մոնիթորինգ է արել Հայաստանի խորհրդարանական ընտրություններում։ ՍԻԼԲԱ-ից դիտորդները՝ 25 երիտասարդներ Դանիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից, մոնիթորինգ են իրականացրել Երեւանի ընտրատեղամասերում։



























