Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան այցելած մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Զոհրաբ Մնացականյանը եւ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրեցին նախընտրական քարոզարշավի կազմակերպման եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման բարձր մակարդակը, մտքեր փոխանակեցին ընտրական գործընթացների հետագա կատարելագործման ուղղությամբ համագործակցության շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ երկրում օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը իրականացվում են քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ, ինչը ամուր հիմք է հանդիսանում երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ դրանց նկատմամբ հանրային վստահության բարձրացման համար։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ ընտրությունների արդյունքները վերահաստատեցին ժողովրդի կողմից տրված լայն մանդատը եւ վստահությունը գործող կառավարության հանդեպ, որը չափազանց ոգեւորիչ եւ, միաժամանակ, պարտավորեցնող է՝ շարունակելու իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ միջազգային գործընկերների հետ համագործակցոությամբ։

Զրուցակիցները բարձր գնահատեցին նաեւ կանանց ակտիվ մասնակցությունը եւ դերակատարությունն ընտրական գործընթացում։