ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան  քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 17-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 18-ամյա աղջկան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի 17 ամյա բնակիչ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Ձորափի փողոցում գործող, Մանկական երկաթուղի տանող թունելում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակչուհի՝ ծնված 2000 թվականին:

Նախնական քննությամբ պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 18-ամյա աղջիկը դեպքի օրը 7 անձանց հետ, Մանկական Երկաթուղի տանող թունելի մեջ 17-ամյա երիտասարդի եւ վերջինիս 3 ընկերների հետ վիճաբանել է, որի արդյունքում առաջացած քաշքշուկի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 17-ամյա երիտասարդին՝ պատճառելով առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: